Տարվա սկզբից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը 1,5 մլրդ դրամ ԱՊՊԱ փոխհատուցում է տրամադրել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ից, պատճառված վնասների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 միլիարդ դրամ: Քաղաքացիներից ընդունվել է վնասների կարգավորման 7920 հայտ՝ շուրջ 1,75 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով, 7250 քաղաքացի արդեն ստացել է վնասի հատուցում՝ շուրջ 1,5 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով։

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ հատուցման պահանջը մերժվել է ընդամենը 34 դեպքում, ինչը կազմում է դիմում ներկայացնողների 0,4%-ը: Մերժումների հիմնական հիմքերն են նույն ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ միեւնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմեքենաների բախումը, ինչպես նաեւ դիմումը ներկայացնելու եռամսյա ժամկետի խախտումը:

Վիճակագրության համաձայն, ամսական կտրվածքով գրանցվող վթարների քանակն աճում է։ Հոկտեմբեր ամսվա միջին ցուցանիշը հասել է օրական շուրջ 50 ՃՏՊ-ի:

Ըստ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Հայտերի Կարգավորման Կենտրոնի տվյալների՝ տարվա սկզբից ՃՏՊ-ների արդյունքում գրանցվել է մարմնական վնասվածքների 322 դեպք, առավելագույն քանակը գրանցվել է սեպտեմբերին եւ հոկտեմբերին (51 եւ 47 դեպք համապատասխանաբար): 31 մարդ զոհվել է: