Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 11-ին, ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթի համանախագահ Քրիստիան Վիգենինին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է Քրիստիան Վիգենինի այցը մեր երկիր, որը ՀՀ նախագահի խոսքով, լավ հնարավորություն է՝ տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի զարգացումներին, առկա խնդիրների բնույթին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այցը նաեւ կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրանեսթի գործունեությանը, զրուցակիցներն այն համարել են մասնակից երկրների միջեւ փոխըմբռնման ու երկխոսության խթանման, կապերի սերտացման եւ համագործակցության օգտակար հարթակ:
Քրիստիան Վիգենինը նշել է, որ խորհրդարանականների միջեւ փոխգործակցության արդյունքներն արդեն տեսանելի են, եւ իր այցը նպատակ ունի նաեւ խրախուսել այդ գործակցությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւս: Ընդգծելով, որ Եվրոպական միության հետ մեր երկրի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի ու Միության անդամ պետությունների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ճանապարհին:




























