Հունաստանում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 13-ական միավոր վաստակած Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականները:
Գերմանացիները Գեորգ Մեյերի հաղթանակի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ համարների պայքարում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով 52-րդ քայլում ընդունեց պարտությունը:
Շարունակվում է Գաբրիել Սարգսյան – Յան Գուստաֆսոն պարտիան:
Երրորդ տախտակին Վլադիմիր Հակոբյանը սեւերով 21-րդ քայլում ոչ ոքի խաղաց Դանիել Ֆրիդմանի հետ:
Առաջին համարների` Նայդիչի եւ Արոնյանի պարտիան ավարտվել էր 11-րդ քայլում ոչ ոքի:
Արկադի Նայդիչ (2712) - Լեւոն Արոնյան (2802) – 0,5:0,5
Սերգեյ Մովսիսյան (2710) - Գեորգ Մեյեր (2659) – 0:1
Դանիել Ֆրիդման (2661) - Վլադիմիր Հակոբյան (2681) – 0,5:0,5
Գաբրիել Սարգսյան (2671) - Յան Գուստաֆսոն (2633)
Ադրբեջանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց ռումինացիներին եւ վաստակեց 14 միավոր:
Շախմատային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոն եղել է մեկ անգամ` 1999 թվականին:




























