Եթե ջուրը կամ բադրիջանի խավիարը ստանդարտին համապատասխան չլինի, մեր արտադրողները չեն կարող դա արտահանել, օրինակ, ԵՄ շուկա, կամ ԱՄՆ, կամ Ավստրալիա. մենք ասում ենք՝ ջուրը պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր ժողովուրդը այդ ջուրը խմում է, ոչինչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի ստանդարտացմանը։
«Մենք կասենք՝ մեր ինչի՞ն է պետք, թող ֆոսֆորը 100 անգամ ավել լինի, նույն բադրիջանի խավիարի մեջ, մսի մեջ եւ այլն: Այսինքն այն, որ մեր երեխեքը դա տասնյակ տարիներով օգտագործում են, մեզ չի հետաքրքրում: Չի հետաքրքրում գիտե՞ք ինչ պատճառով, որովհետեւ ստանդարտացնել, նշանակում է թանկացնել:
Մենք պետք է հասկանանք՝ մենք ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն եւ ինչ որակի կյանք ենք ուզում: Այն, որ բոլորս այստեղ նստած ենք փողկապով եւ կոստյումով, դա էլ է ստանդարտ եւ դա թանկացրել է բոլորիս կյանքը: Մենք կարող էինք այստեղ գալ չստերով, սպարտիվկայով եւ այլն: Եթե ժողովուրդը այդ պատկերը տեսներ,ի՞նչ կմտածեր: բայց երբ նույն ժողովուրդը տեսնում է խոզի ջանդակը մայթին փռած վաճառում են, չի ասում՝ մի րոպե, էս ինչ եք անում:
Հակառակը, երբ մենք ուզում ենք ստանդարտ դնել, ասում են՝ չէ, խոզի գինը կթանկանա: Քանի որ դրա վրա կավելանա անվտանգության բաղադրիչ, առողջապահական ավելի հուսալի բաղադրիչ եւ իրականում տեղի կունենա խնայողություն այն ապագա ռիսկի, որ դու պետք է թունավորվեիր, գնայիր վերակենդանացման բաժանմունքում երեք օր պառկեիր սիստեմաների տակ: Ստանդարտը դրա մասին է»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այսօր եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, մենք կարող է ասեին՝ «ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք մեռնենք»։ «Բայց այս հաղորդակցությունը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչի մասին է խոսքը։ Կյանքի ստանդարտի ու չափանիշների մասին է խոսքը, մենք պետք է հասկանանք, որ բարեկեցության աստիճանի ցանկացած բարձրացում նշանակում է կյանքի թանկացում», - հավելեց Փաշինյանը։











