Նախորդ տարի Ռուսաստանի հետ մեր առեւտուրը 7-7,5 մլրդ է կազմել. Հիմա այս իշխանություններն ասում են՝ մենք արտաքին առեւտուրը դիվերսիֆիկացնում ենք. Ոչ մի բան էլ չեն դիվերսիֆիկացնում: Այս մասին ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եթե 2021-ի համեմատ 2023-ի համեմատ դեպի ԱՄԷ մեր արտահանումը 70 մլն-ից դարձել է 2,2 մլրդ, դա Հայաստանի գործոններով պայմանավորված չի, Ռուսաստանից ստանում են ոսկին, կոդը փոխում են, արտահանում են ԱՄԷ: Ներմուծման ու արտահանման աճը նույնպես ռուսական գործոնով է պայմանավորված: Եթե Փաշինյանը դա չի գիտակցում, տնտեսական բլոկի պատասխանատուները դա շատ լավ գիտակցում են եւ իրեն հասկացնում են, որ դա կարող է բերել տնտեսական անկման, սոցիալական դժգոհության աճի, որից իր աթոռը կերերա: Իսկ Փաշինյանը ոչ արեւմտամետ է, ոչ ռուսամետ, ինքը աթոռամետ է»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ 2022-ին դրսից եկած տրանսֆերտներն ավելի շատ էին, քան Հայաստանի պետական բյուջեի բոլոր եկամուտները միասին վերցրած. «Խոսքը 5 մլրդ դոլարի մասին էր: 5 միլիարդը ո՞ւր, 300 մլն-ը ո՞ւր»:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր մանր անհարմարություններ է պատճառում Ռուսաստանին, որոնք ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի լեզվով են հնչում. «Ավելի լուրջ անհարմարություն չի պատճառում, հավանաբար Հայաստանին Բրյուսելում փորձ է արվել դրդել որոշակի գործողությունների, բայց իշխանություններն էլ գիտակցում են՝ դա ինչով է հղի: Կամ ես հույս ունեմ, գոնե գիտակցում են՝ ինչով է հղի»,- ընդգծեց նա: