Թուրքիայի արտաքին քաղաքականության «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքի տապալումից հետո Թուրքիան խոցելի է դարձել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Արեւմուտքի կողմից Իրանին հարվածներ հասցնելու պարագայում Թուրքիայի հնարավոր արձագանքին։

Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ քրդական խնդիրը, Արեւմուտքին հնարավորություն են տալիս Թուրքիային պայմաններ թելադրել։ «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Թուրքիա է ուղարկել 4 անօդաչու Predator հետախուզական թռչող սարք, որոնք ունեն նաեւ թիրախներ խոցելու հնարավորություն։ Նշվում է, որ Թուրքիան է դրանք ուզել ԱՄՆ-ից՝ PKK-ի դեմ պայքարում օգտագործելու համար, սակայն այդ սարքերի կառավարումն ու տվյալների ստացումը ԱՄՆ-ի տրամադրության տակ է։ Ավելին, Թուրքիայում մտավախություն ունեն, որ այդ սարքերը կարող են Իրանի դեմ օգտագործվել, քանի որ դրանք դուրս են նաեւ Թուրքիայի ռադարների հսկողությունից»,- նշեց թուրքագետը՝ շեշտելով, որ Արեւմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան անուղղակի կհայտնվի հակամարտող կողմի դերում։

Ըստ թուրքագետի՝ արդեն մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ Իրանն  իր դեմ հարձակման դեպքում հարվածներ է հասցնելու նաեւ Թուրքիային։ «Բացի այդ, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ՀԴԲ-ն (FBI) մի դավադրություն է բացահայտել, ըստ որի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորականները ծրագրել էին քաղաքական սպանություններ իրականացնել նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում»,- ասաց Իսպիրյանը։