Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության ու տնտեսության համար դժվար է գերագնահատել: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել: Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները կարող են մեզ մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ: Հակառակ դեպքերը ցավոք բազմաթիվ են:
Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ: Բայց նաև կարևոր է հասկանալ՝ թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով։ Իմ գնահատամբ՝ տեղի է ունենում նույնը՝ պատմական Հայաստան-ՌԴ հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-ՌԴ հարաբերությունների»,- նշեց նա:
Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան պատմական Հայաստանից իրական Հայաստան, բայց դա տեղի է ունենում և պետք է ամեն ինչ անել այս տրանֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ հետ նման աշխատանքի պատրաստ ենք«-ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ 2018 թ. մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել են հետևյալը՝ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության շահերի և հետաքրքրությունների հարգման վրա և ինքը պատրաստ է այսպիսի երկխոսության։











