Իրանը դատապարտել է Արաբական երկրների լիգայի որոշումը` Սիրիայի անդամությունը կազմակերպությանը սառեցնելու վերաբերյալ, հավելելով, որ այդ քայլը էլ ավելի կբարդացնի ստեղծված իրավիճակը:

Իրանի ԱԳՆ ներկայցուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտարարել է, որ Սիրիայի անդամության սառեցումը սիրիական հարցը չի լուծի, հաղորդում է իրանական Press TV-ն` վկայակոչելով IRNA պետական գործակալությունը:

Նա նշել է, որ Արաբական երկրների լիգայի այս որոշումն ընդունվել է դրսից Սիրիայի ներքին գործերին միջամտելու փորձերի ազդեցության ներքո:

Մեհմանփարասթը նաեւ դատապարտել է օտարերկրյա որեւէ միջամտություն տարածաշրջանի խնդիրներին եւ խիստ քննադատության ենթարկել Արեւմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը:

Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայում Սիրիայի անդամակցությունը սառեցնելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 12-ին, Կահիրեում կազմակերպության անդամ-երկրների ԱԳ նախարարների արտակարգ նիստում: Նման որոշման առիթ է դարձել այն փաստը, որ «Սիրիան շարունակում է բռնի գործողությունները ցուցարարների նկատմամբ»: Ի պատասխան այս որոշման, Սիրիայի տարբեր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել` ի պաշտպանություն Սիրիայի ղեկավարության: