Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը կոչ է արել գործարար Բիձինա Իվանաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհել:
Ինչպես հայտնում է «Գռուզիա-Online»-ը, կաթողիկոսի կոչը հնչել է նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա ավանդական պատարագի ընթացքում, Սուրբ Երրորդության մայր տաճարում:
Վրաց պատրիարքը անհանգստություն է հայտնել, որ նման հարցը այդպիսի վեճեր է բորբոքել: Ըստ նրա` Իվանաշվիլիին պետք է Վրաստանի քաղաքացիություն շնորհվի, քանիի որ նա վրացի է: «Ես կարծում եմ, որ Վրաստանում կամ նրա սահմաններից դուրս ծնված, վրացական ոգու տեր բոլոր վրացիները պետք է Վրաստանի քաղաքացի լինեն», - ասել է Իլիա Երկրորդը եւ համոզմունք հայտնել, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դա հաշվի կառնի եւ Իվանաշվիլիին քաղաքացիություն կտա:
Հիշեցնենք, որ գործարար եւ մեկենաս Բիձինա Իվանաշվիլին հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ մտադիր է քաղաքական կուսակցություն հիմնել եւ մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին:
Դրանից հետո պարզվել էր, որ Իվանաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի քաղաքացի է:




























