Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այսօր` նոյեմբերի 14-ին, կալանավորվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ. Բաղդասարյանը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը՝ միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Ավելին՝ իր խորհուրդներով աջակցել է նրան՝ իրավապահ մարմիններից թաքնված մնալուն: Վերջինս, ազատության մեջ մնալով, կատարել է նոր հանցագործություն: Դատարանի որոշմամբ Մ. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:



























