Նորվեգացի «հրաձիգ»-ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը նոյեմբերի 14-ին առաջին անգամ ներկա է գտնվել դատական բաց նիստին: Նրա հագին սեւ կոստյում եւ երկնագույն փողկապ է եղել: Նա, պատասխանելով դատավորի հարցին, ասել է, որ մեկուսարանում իրեն լավ է զգում:
Բրեյվիկը նույնիսկ դատավորին խորհուրդներ է տվել` ասելով, որ «դա տանջելու ոչ արդյունավետ տարբերակ է եւ առաջարկել է օգտվել Սաուդյան Արաբիայում «Ալ Քաիդայի» անդամների հանդեպ կիրառվող միջոցներից: Այս խոսքերից հետո նրան հեռացրել են դատարանի սրահից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օսլոյի շրջանային դատարանը հուլիսի 22-ին կրկնակի ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Անդրես Բրեյվիկի կալանքի ժամկետը երկարացրել է 12 շաբաթով: Երկարացրել են նաեւ նամակներ ստանալու եւ ուղարկելու, այցելությունների եւ մամուլ կարդալու արգելքի ժամկետները: Ահաբեկչին արգելել են ուղղակիորեն դիմել տուժածներին:
Դատական գործընթացին ներկա գտնվել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, նրանց թվում նաեւ ահաբեկչությունից փրկվածներ են եղել, ինչպես նաեւ լրագրողներ եւ պարզապես մարդիկ, ովքեր ցանկացել են սեփական աչքով տեսնել Բրեյվիկին: Դատարան կարելի էր մտնել միայն մետաղյա շրջանակների միջով. ոստիկանության ներկայացուցիչները վախենում էին, որ Բրեյվիկին կարող են սպանել:
Չնայած գործընթացը բաց էր, լրագրողներին արգելել են լսումների ժամանակ դատարանի շենքից ռեպորտաժ վարել, ինչպես նաեւ լուսա- եւ տեսանկարահանում կատարել, հայտնում է Sky News-ը:




























