Երեւանում, այսօր` 17:30-ի սահմաններում, «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա»), ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին, հաղորդում է «Առավոտ.am»-ը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել Սուրեն Խաչատրյանի եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին՝ ովքեր հավակնություններ էին դրսեւորել Սիլվա Համբարձումյանին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի նկատմամբ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Սյունիքի մարզպետին Սիլվա Համբարձումյանը մեղադրել էր նաեւ միլիոնավոր սարքավորումներ «գողանալու» մեջ:
Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց եւ ֆոյեում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տեղատարափ է տեղացել: Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի «հերոսական կեցվածքը»:



























