Քիչ առաջ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում բացվեց միջպետական ճանապարհը, որը առավոտից փակել էին գյուղացիները:
Նշենք, որ գյուղացիները բողոքում են սպասվող սահմանային փոփոխություններից, որի հետեւանքով Ադրբեջանի հետ սահմանը անցնելու է իրենց գյուղի անմիջակես կողքով, այդ թվում դպրոցի ու եկեղեցու կողքով:
Հայտնի դարձավ, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ ինչպես իրենք են ասում, քննարկելու են սահմանի հարցը:
Նշենք, որ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։
Մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:











