Տավուշի մարզի Կաթնառատ գյուղում, թեեւ առկա է խոշոր եղջերավոր անասունների հիվանդության դեպք, սակայն անկում չկա: Այդ մասին այսօր` նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը:
Նշենք, որ երեկ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Կաթնառատ գյուղում հիվանդության պատճառով սատկել է 1, եւ հարկադիր մորթի ենթարկվել 6 անասուն: Մորթված անասունները գյուղացիները փորձում են վաճառել երշիկի գործարաններին:
Գ. Բաղիյանը հայտարարեց, որ հիվանդ են 7 անասուններ, դրանք առանձնացված են մյուսներից, գտնվում են հսկողության ներքո: Թե ինչ հիվանդության մասին է խոսքը` առայժմ պարզ չէ, քանի որ լաբորատոր հետազոտության արդյունքները չեն ստացվել: Գյուղացիների պնդմամբ` անասունները հիվանդացել են «կատաղություն» հիվանդությամբ: Սակայն Գ. Բաղիյանը նշեց, որ ավելի վաղ այդ գյուղում, անասնաբույժի եզրակացությամբ, երեք հիվանդ անասուն, այնուամենայնիվ, մորթվել է, քանի որ, գյուղացիների կարծիքով, բուժման ծախսերն ավելի թանկ կլինեին:



























