Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սիլվա Համբարձումյանին առաջարկվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է փորձաքննության ենթարկվել՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ս.Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել դեռեւս նոյեմբերի 10-ի մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին մամուլում տպագրվել է Ս.Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Մամուլի տվյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները: