Թագավորները պայքարում են իրար դեմ ոչ թե ուղղակի, այլ իրենց բանակների օգնությամբ: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է Ազգային Ժողովի անկուսակցական պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդիր մարմնում ունեցած ելույթում:

«Մարտավարական դիմակայությունը Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում է: Ինչպես շախմատում, շատ բան կախված է թագավորներից: Թագավորներն իրար շախ եւ մատ չեն կարող հայտարարել: Նրանք պայքարում են անմիջականորեն, բանակների օգնությամբ: Թագավորներն ուժեղ են իրենց բանակներով եւ դրանք կառավարելու հմտությամբ»,- նշել է Դալլաքյանը:

«Թագավորի ուժը կայանում է նրանում, որ մյուս բոլոր ֆիգուները ձգտում են պաշտպանել նրան, թուլությունը, որ հակառակորդի բոլոր ուժերը ուղղված են նրա դեմ: Ինքը` թագավորը թույլ ֆիգուր է, կարող է շարժվել միայն իր առանցքի շուրջ: Ուստի ողջամիտ ղեկավարը հաշվարկում է իր քայլերը այն հաշվով, թե ինչպես կազդեն դրանք ֆիգուների ընդհանուր դասավորության վրա: Թագավորը հարմար պահ է ընտրում հարված հասցնելու, նաեւ հարմար րոպե մարտավարական զոհողության անելու համար: Իսկական ղեկավարը չի ապրում անցյալի հաղթանակներով, այլ նայում է ապագային յուրաքանչյուր պարտիան սկսելով»,- պատկերավոր ասել է Դալլաքյանը: