Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը պատրաստ չէ բանակցություններ սկսել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին նոյեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը:

RBC-ն հայտնում է, որ Բուրհան Գալյունը պարզաբանել է, որ նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Դամասկոսը հրաժարվել է իրականացնել Արաբական լիգայի պետությունների պահանջները: «Նախաձեռնությունը նախատեսում է արյունահեղության դադարեցում եւ քաղբանտարկյալների ազատում: Դրանցից ոչ մեկը չի իրականացվել»,-շեշտել է նա` հավելելով, որ բանակցությունները հնարավոր կդառնան միայն այն դեպքում, եթե սիրիական իշխանությունները համաձայնվեն անցում կատարել ավտորիտար պետությունից դեմոկրատականի:

Ընդդիմությունը հրաժարվել է բանակցել Ասադի ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ, քանի որ նրանք մասնակցել են սիրիական ժողովրդի դեմ կիրառված բռնաճնշումների գործին:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգան դադարեցրել է Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը` երկրում չդադարող բռնությունների պատճառով: Նոյեմբերի 13-ին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները զանգվածային բողոքի ցույցի էին դուրս եկել այդ որոշման դեմ: Դամասկոսը պահանջել էր «անհապաղ Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթաժողով հրավիրել` երկրում ճգնաժամը հաղթահարելու ուղիներ մշակելու համար»: