Եթե Հայաստանի վարչապետը միջոցառման ներկայանար ոչ սթափ վիճակում, նրա կողքին նստած տասնյակ մարդիկ կնկատեին դա: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, խորհրդարանում, լրագրողների հետ ավանդական բրիֆինգի ժամանակ ասել է ինքը` Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռուստատեսությամբ ցուցադրվել էր ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված Թաթայի համերգը, որի ժամանակ ներկաներին ողջունել էր Տիգրան Սարգսյանը` ոչ սթափ վիճակում: Այս առնչությամբ, նա պարզաբանել էր, որ ինքն սթափ է եղել, իսկ նման տպավորություն է ստեղծվել` ձայնային տեխնիկայի խոտանի պատճառով:
«Պապս ասում էր. Ընկերություն մի արա նրա հետ, ով չի խմում: Անձամբ ես խմիչքին նորմալ եմ վերաբերում: Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա այնտեղ, իկապես, տեխնիկական խնդիր է ծագել: Բեմն անմիջապես մեր տրիբունայի դիմաց էր, իսկ ողջ տեխնիկան հեռու էր գտնվում, ուստի երբ ես սկսեցի խոսել, իմ ձայնի արձագանքն այնքան ոըւժեղ էր, որ ես ինքս ինձ չէի լսում: Եթե մեր միջոցառման կազմակերպիչները ասեին, որ ելույթ է նախատեսված նաեւ ինձ համար, ես կմոտենայի միկրոֆոնին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով, իր քաղաքական ելույթների 22 տարվա ընթացքում նման դեպք չի եղել: «Բայց ինձ զարմացնում է այլ բան. Ես այդ միջոցառմանը մենակ չէի, ինձ հետ շատ մարդ կար եւ նրանք բոլորը պնդել են, որ ես ոչ սթափ վիճակում չեմ եղել: «Ցավոք» ես չէի խմել»,- ամփոփել է նա:



























