Եթե Սյունիքի մարզպետի մասնակցությամբ միջադեպն իսկապես տեղի է ունեցել, նա արժանի է դատապարտման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները, համաձայն որոնց մարզպետ Սուրեն խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Նշենք, որ ըստ տեղեկությունների, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ հարցը տարբեր մեկնաբանություններ է ծնել, սակայն ընդգծել է, թե որպես վարչապետ իրավունք չունի գնահատական տալ իրադարձություններին, քանի դեռ դրանք չեն հաստատվել:

«Եթե տեղի է ունեցել, արժանի է դատապարտման: Սակայն բերեմ իմ օրինակը. Շատ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ ես եղել եմ ոչ սթափ վիճակում: Ում հարցնեին. «Ինչպե՞ս եք վերաբերվում, որ վարչապետն իրեն այսպես կամ այնպես է պահել», կասեին` ամոթ: Բայց ախր իրականում նման բան չէր եղել: Ուստի խնդրում եմ հարգել մեր օրենսդրության պահանջները. Գործադիր իշխանությունն իրավունք չունի գնահատականներ տալ, քանի դեռ քրեական գործը չի ավարտվել»,- ամփոփել է վարչապետը: