Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռեւս չի հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն, հետեւաբար, չի հարցաքննվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց իրավապահ մարմինների աղբյուրը` նշելով, որ կատարվում է նախաքննություն:
Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն, հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրանք որեւէ մեկին դեռ չի առաջադրվել: Սիլվա Համբարձումյանը հրաժարվել է փորձաքննության ենթարկվել՝ պատճառաբանելով, որ մարզպետի հարվածից ցավ է զգացել, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Նախաքննական մարմինը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից պահանջել է հյուրանոցում տեղադրված տեսախցիկների նկարահանած նյութերը, որոնք պետք փորձաքննության ենթարկվեն:
Ի դեպ, NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում գործարար Սիլվա Համբարձումյանը անդրադարձավ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքին, նշելով, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Սիլվա Համբարձումյանն, ի պատասխան հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հնչեցրած այն հայցադրմանը, թե ինչո՞ւ մինչ այժմ Համբարձումյանը չի դիմել իրավապահ մարմիններին սարքավորումները գողանալու կապակցությամբ եւ նոր է այդ մասին հիշել, ասաց, որ ինքը դեռեւս 2009 թվականին դիմել է այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հատկանշական է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է լռություն պահպանել եւ որեւէ պարզաբանմամբ հանդես չի եկել իրեն ուղղված մեղադրանքների առնչությամբ, եւ չի պատասխանում NEWS.am-ի հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզպետարանը հերքել էր Սիլվա Համբարձումյանի պնդումները` նրան ծեծի ենթարկելու մասին լուրերը որակելով հորինված, բացարձակ սուտ եւ զրպարտություն:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն, անդրադառնալով այդ խնդրին, նշել է, որ եթե նախաքննությունը հաստատի Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպը, ապա կհաջորդեն իրավական եւ քաղաքական հետեւանքներ: «Եթե նման գործողությունների մասին տվյալները ճշտվեն, ապա դրան կհաջորդի որոշակի պատասխանատվություն, տվյալ դեպքում խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է: Որպես մարդ ես չեմ արդարացնում նման վարքը, սակայն հայտարարություններ անելը դեռ շուտ է»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, բայց դեռեւս հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե այդ հարցը քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ Սյունիքի մարզպետի հրաժարականի հարցը ՀՀԿ-ում չի քննարկվել եւ այդ հարցը չի ներառվել ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի օրակարգում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:



























