Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 16-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է Քեթրին Էշթոնին եւ նշել, որ Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում:
Սերժ Սարգսյանի խոսքով, Վարշավայում կայացած Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու եւ համագործակցության ոլորտները ուղենշելու համար: Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է, նախագահն ասել է. «Մեր նպատակը շատ հստակ է, եւ բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր եւ հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»:
Քեթրին Էշթոնը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կարեւորել է Հայաստան-ԵՄ ամրապնդվող հարաբերությունները եւ բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման. «Ուզում եմ գովասանքի խոսք հայտնել եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել»,-ասել է Քեթրին Էշթոնը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս:
Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր եւս:




























