Նոյեմբերի 14-21-ին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը եւ 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը եւ կշարունակվի մինչ վաղ առավոտ:
Հայկական աստղագիտական ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը:
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի եւ կշռել մինչեւ 85 գրամ: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչեւ մի քանի վայրկյան երեւալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի` Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:



























