Հայտնի է դարձել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, այսօր` նոյեմբերի 17-ի առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, տեղի ունեցած վթարից տուժածների ինքնությունը:

Դեպքի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնեց, որ տուժողներից մեկը Երեւան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Գրիգորյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ազդրի եւ սրունքների փափուկ հյուսվածքների ստացած վերքով: Նա աշխատում է «Բեկոն ԳՄԲՀ» ընկերությունում` որպես փորձագետ:

Իսկ ուղեւորը, ում ոտքի մեջ էր մխրճվել մեքենայի մեջ խրված երկաթյա արգելապատնեշը, ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Փիթեր Լաբոմբարդն է, ով ընդունվել է հիվանդանոց ոտքի ջնջխված վերք ախտորոշմամբ: Նա աշխատում է «Լոռի-Շիրակ-Նոր Ակունք ջրմուղ» ընկերությունում` որպես միջազգային տեխնիկական տնօրեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սուզուկի» մակնիշի 944 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենան բախվել է հենապատին ու շրջվել: Վթարի վայր է ժամանել Լոռիի մարզի փրկարար վարչության փրկարար խումբը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարները, շտապօգնության աշխատակիցները:

Լուսանկարները եւ տեսագրությունը` Շուշաննա Գրիգորյանի