Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Մանկապղծության համար դատապարտված գործարարի փաստաբանը մեզ հայտնեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ համաձայն չեն նրան առաջադրված մեղադրանքի հետ:

Ի դեպ, նշենք, որ 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է: