«Ժառանգություն» խմբակցությունը Հայաստանի Ազգային ժողովին է ներկայացրել «Լյուստրացիայի մասին» օրինագիծը, որը ենթադրում է այն պաշտոնների աշխատանքից ազատում, ովքեր մինչեւ 1991-ի սեպտեմբերի 21-ը կապ են ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Պատգամավորի խոսքով, լյուստրացիան (գաղտնազերծում) պետք է, մասնավորապես, տարածվի երկրի ղեկավարի, նրա վարչակազմի աշխատակիցների, խորհրդարանի պատգամավորների, դատական համակարգի առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց, նախարարների, կառավարության ներկայացուցիչների եւ ընդհանրապես բոլոր նրանց վրա, ովքեր մասնակցում են երկրում որոշումների կայացմանը:

Սաֆարյանը նշել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ հնարավոր կապը պետք է պարզի համապատասխան հանձնաժողովը: Նրա ներկայացմամբ, նախատեսվում է, որ հատուկ ծառայությունների հետ համագործակցած պաշտոնյան կարող է հրաժարական տալ սեփական կամքով: «Հակառակ դեպքում հանձնաժողովը պետք է հրապարակի նրա վերաբերյալ տվյալները եւ դիմի համապատասխան մարմիններին, որոնք իրավասու են աշխատանքից ազատել տվյալ մարդուն»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը, նշելով, որ այդպիսի անձինք իրավունք չունեն զբաղեցնել պետական պաշտոններ կամ հավակնել դրանց:

Սաֆարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այդ հարցը երկրի ազգային անվտանգության ապահովման եւ հետագա զարգացման կարեւոր տարր է: