Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով հայտարարել է քաղաքականություն մտնելու իր մտադրության մասին, հույս ունի վերականգնել իր Վրաստանի քաղաքացիությունը այդ երկրի իշխանությունների նկատմամբ կրկնակի ճնշման օգնությամբ` միջազգային հանրության եւ վրաց ժողովրդի կողմից:

Այսօր` նոյեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում, գործարարը հայտարարել է, որ իր փաստաբանները մոտ օրերս կդիմեն երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` խնդրելով իրեն Վրաստանի քաղաքացիություն շնորհել, հաղորդում է  «Civil Georgia»-ն:

Իվանիշվիլին հայտնել է, որ պաշտոնական դիմումը նախագահի աշխատակազմում կհայտնվի նոյեմբերի 18-ին կամ հաջորդ շաբաթ: Օրենքի համաձայն, նախագահը պետք է որոշում կայացնի դիմումն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում:

Միաժամանակ, ինչպես գրում է «Վզգլյադը», Եվրախորհրդարանը նոյեմբերի 17-ին քննարկում է Վրաստանի իրավիճակը, այդ թվում Իվանիշվիլիի քաղաքացիության հարցը:

Եվրոպացի պատգամավորները կոչ են անում Վրաստանի իշխանություններին «հրաժարվել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոչ համարժեք քաղաքական ճնշումից»:

Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերադարձնելու կոչով հանդես է եկել նաեւ Վրաց պատրիարք Իլյա Բ-ն:

Գործարար եւ մեկենաս Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի սկզբին հայտարարել է քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու  իր մտադրության մասին:

Արդյունքում, պարզվել է, որ Իվանիշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ հանդիսանում է Ռուսաստնի եւ Ֆրանսիայի քաղաքացի: