Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական անցյալի եւ պատմության հետ։ Այդ մասին նոյեմբերի 18-ին «Սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցը եւ միջազգային ժամանակաշրջանը» միջազգային սիմպոզիումի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, հայտնում է Internet Haber կայքէջը:

Անդրադառնալով  հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի` իր պատմութան հետ առերեսման խնդրին` Չիչեքն ասել է, որ թուրքերի` Անատոլիայում գտնվելու հազար տարվա ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, որոնք հպարտանալու տեղիք են տալիս: Սակայն, ըստ Չիչեքի, եղել են նաեւ ժամանակաշրջաններ, որոնք անբաստանութունների առիթ են տվել:

«Մենք առնչվում են միջազգային մակարդակի մեղադրանքների, հատկապես 1915 թվականի հետ կապված: 1915թ. իրադարձությունների առնչությամբ մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ։ Մենք բացել ենք մեր արխիվները եւ պատրաստ ենք քննարկել պատմաբանների աշխատությունները։ Վստահ եմ՝ սխալ տեղեկությունների հիման վրա դատողություններ անելու փոխարեն ավելի ճիշտ կլինի քննարկել մեր գիտնականների կողմից ներկայացվող իրողությունները»,- ասել է Չիչեքը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան պարտավոր է  առերեսվել սեփական պատմության հետ, եւ եթե կան սխալներ ուսումնասիրել դրանք` հանուն ապագայի կերտման: