Ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածությունը թուլացնելու կարճաժամկետ քայլերից բացի, պետք է քննարկել առաջ շարժվելու տարբեր այլընտրանքներն ու տարբերակները` միաժամանակ չվնասելով գործընթացը, որն արդեն շարունակվում է 17 տարի: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ծրագրի տնօրեն Լուորենս Շիթսը` ավելացնելով, որ անհրաժեշտ է «դուրս գալ տուփից», քննարկել այլընտրանքներ, որոնք նախկինում առաջ չեն քաշվել, նոր մոտեցումներ»,-փոխանցում է ԱՊԱ-ն:
«Ներկայումս գոյություն ունեցող ստատուս-քվոն երկարաժամկետ հեռանկարի համար կայուն չէ»,-հայտարարել է Շիթսը: Նա նշել է, որ մեծ ակնկալիքներ կային կազանյան գագաթնաժողովից, սակայն այդ հանդիպումը չկարողացավ բանակցային գործընթացում ճեղքում առաջացնել. «Ցավոք, ճեղքում մենք չտեսանք, իսկ Մինսկի խմբի շրջանակում շարունակվող գործընթացը խիստ դանդաղեց»:
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես կարձագանքեն Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման պարագայում, Շիթսը մտավախություն է հայտնել, որ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է վերածվել համատարածաշրջանային հակամարտության. «Նախ` անվտանգության հարցերով գոյություն ունեցող պարտավորությունների առումով մի կողմում կլինեն Ռուսաստանն ու Հայաստանը, մյուս կողմում` Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք սերտ համագործակցում են ռազմական եւ անվտանգության հարցերում: Իրանը սահմանակից է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին: Անհնար է կանխատեսել, թե ինչ աստիճանով Իրանը կարող է ներգրավվել, սակայն, ակնհայտ է, որ չի կարող անտեսել իր սահմանին մոտ հակամարտությունը»:
Բացի այդ, նշում է Շիթսը, հարկ է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ 1994թ . համեմատ մեծ քանակությամբ սպառազինություններ ունեն` ինչպես հարձակվողական, այնպես էլ պաշտպանական:




























