Հիմնական մեղադրանքի հիմքում ասվում է, թե օրինական պահանջ է հնչեցվել ինձ, այն դեպքում, որ նման բան չի եղել, մենք պնդում ենք, որ նման բան չի եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Ասվում է՝ պարտավոր ենք ուսումնասիրել ինչպես մեղքն ապացուցող, նաև արդարացնող հիմքերը, մեղմ ասած՝ դա այդքան էլ այդպես չէ, որովհետև իմ մաշկի վրա եմ զգացել։ Հիմնական մեղադրանքի հիմքում ասվում է, թե օրինական պահանջ է հնչեցվել ինձ, այն դեպքում, որ նման բան չի եղել, մենք պնդում ենք, որ նման բան չի եղել։ Ցույցի մասնակից վկաներն էլ են պնդում, որ նման պահանջ չի դրվել։ Այս ամենի զավեշտն այնքան պարզ է, որ խոսակցություններն էլ որ լինում են, դա նրանից է, որ այսպիսի գործերը մտնում են դատարան։ Կան տեսանյութեր, գոնե այդ դեպքից մի քանի տարբեր ռակուրսերով նկարահանված տեսանյութեր կան, դրանք օբյեկտիվ ցույց են տալիս, թե ինչ է եղել։ Մենք զննելով այդ տեսանյութերը ոչ մի տեղ չենք լսել օրինական պահանջ, որովհետև չի հնչեցվում օրինական պահանջ»,- նշեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իրեն մեղադրում են թևանցուկ դեպի ոստիկանները գնալու համար, ինչը, ըստ նրա, քրեորեն պատժելի արարք չէ․ «Ես ցույցերի ժամանակ գիտեմ բազմաթիվ դեպքեր, որ նման երևույթներ են լինում, մխրճվում են ոստիկանների մեջ։ Այդ դեպքերի առնչությամբ Դատախազությունը իրավական գնահատական չի տալիս։ Ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մարդկանց դեպքում նույն արարքը կարող է իրավական ոչ մի գնահատականի չարժանանալ, իսկ ինձ ուզենան 2-5 տարի կալանավորեն։ Եթե ժամանակին ոստիկանության ապօրինությունները ճիշտ քննվեին, այսօրվա վայրագությունները չէին լինի»։

Նշենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։

Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։