Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, նոյեմբերի 21-ին, ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին եւ շնորհակալություն հայտնել հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակցելու համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, որ Մանուկ Վարդանյանը մեծ ձեռքբերում է համարել մի շարք կառույցների, այդ թվում Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ կույր եւ վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շփվել արտաքին աշխարհի հետ:
Նախարարն անդրադարձել է նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու եւ տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին:
ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել: Ըստ Հուլին Ժաոյի, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին եւ Թաիլանդին:
Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը:



























