Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ցուցարարների ու ոստիկանների միջեւ վերջին բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի դիահերձարաններից ստացվող տեղեկությունները:

Ավելի վաղ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հաղորդել էր 20 զոհի մասին, իսկ Agence France-Presse-ը պնդում է, որ վերջին 3 օրերին Եգիպտոսում մահացել է 33 մարդ: Վիրավորների թիվը շուրջ 2 հազար է:

Միաժամանակ, Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին անհանգստություն է հայտնել Եգիպտոսում ստեղծված իրավիճակի հետ կապված: Լիգան կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին երկրին վերադարձնել կայունությունը եւ ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, հաղորդում եգիպտական МЕНА գործակալությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-20-ին, Կահիրեի կենտրոնական Թահրիրի հրապարակում, ամենաբազմամարդ ցույցերն են տեղի ունեցել` «արաբական գարունից» հետո:

Ցուցարարները պահանջում են, որ Կառավարությունը հրաժարական տա, զինվորականները հեռանան իշխանությունից եւ այն հանձնեն ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին ու նախագահին: