Տաշքենդի միջազգային դպրոցում ՄԱԿ-ի օրը նշվում է միջոցառումներով, որի ընթացքում ներկայացվում է երկրների մշակութային բազմազանությունը: Առաջին անգամ Հայաստանը եւս մասնակցել է միջոցառմանը` ներկայացնելով Հայաստանի հոգեւոր եւ մշակութային ժառանգության ցուցանմուշներ, հայկական ինքնության եւ Հայաստանի մասին հրատարկություններ, հաղորդում է The Armenian Reporter-ը:

Տաշքենդի միջազգային դպրոցում, որը հիմնադրվել է 1994 թ-ին, սովորում է 40 երկրից մոտ 400 աշակերտ:

Տաշքենդի հայկական մշակութային կենտրոնի երիտասարդ կամավորներն արել էին հնարավորը` լրացնելու  այն բացը, որը պայմանավորված է Ուզբեկստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացակայությամբ: Նրանք մեծ խանդավառությամբ էին պատրաստվել միջոցառմանը, եւ  շատ այցելուներ էին հետաքրքրված հայկական  ցուցադրությամբ:

Այդ «Փոքրիկ Հայաստանը» գրավեց թե օտարերկրյա դիվանագետների, այդ թվում` Ուզբեկստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլի, թե գործարարների, թե  մասնակիցների ու նրանց ծնողների ուշադրությունը, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին ծանոթանում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությանը, այդ թվում`  պատմության ողբերգական էջերին, որոնք հայկական Սփյուռքի ձեւավորման պատճառ դարձան:

Կատարվեց նաեւ հայկական քոչարի. տեղական հայկական «Ուրարտու» համույթն արժանացավ  ջերմ ընդունելության: