Մինչեւ 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվեց, որ Հայաստանը եւ Վրաստանը միասին որոշել են հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ 2029 երիտասարդական աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու վերաբերյալ։

Փաշինյանի խոսքով, այդ երեք մարզադաշտերից մեկը պետք է լինի մինչեւ 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ մարզադաշտ, եւս երկուսը  ամենաքիչը 10 հազար հանդիսատեսով պետք է լինի:

«2029-ին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է բոլորիս համար, որ կենտրոնանանք եւ աշխատենք: Ենթադրենք, որ այդ առաջնությունը չկա, երկրի համար լավ չէ, որ լիարժեք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Հանրապետական մարզադաշտը կա, բայց նրա հնարավորությունները սահմանափակ են: Էլ չեմ ասում, որ նման մարզադաշտեր մարզերում ունենալը եւս շատ կարեւոր է: Սա ռազմավարական ծրագիր է»,-ասաց վարչապետը:

 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք քննարկում էինք Վանաձորում եւ Իջեւանում նման ստանդիոններ ունենալու հնարավորությունը: Վանաձորում եղած ստադիոնը վերակառուցման մասին է: Նախնական աշխատանքներն արդեն սկսված են:

Իջեւանում եւս նախկինում եղած մարզադաշտի տարածքն է դիտարկվում, իսկ խոշոր ազգային թատրոնը «ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում է լինելու, որը 2029-ին պետք է պատրաստ լինի»: