Ինտերնետի մեծածախ գինը Հայաստանում դեռեւս 10-15 անգամ թանկ է եվրոպական երկրների համեմատ: Այսօր` նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Դա մեծ խնդիր է եւ կարող է անդրադառնալ ողջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա»,- ասաց Ռ. Յիրիկյանը, թեեւ նշեց, որ վերջին տարիներին ինտերնետի սակագների հարցում առկա են դրական տեղաշարժեր:
Այնուամենայնիվ, ըստ Ռ. Յիրիկյանի, սահմանի վրա ինտերնետի ինքնարժեքը շարունակում է մնալ անթույլատրելի բարձր: Նրա կարծիքով` Հայաստանի կառավարությունն ու մասնավորը պետք է համագործակցեն` եվրոպական մատակարարներից ավելի էժան ինտերնետ-թրաֆիք ձեռք բերելու համար:
Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` վերջին տարիներին մեծածախ ինտերնետի գինը հանրապետությունում սրընթաց նվազում է: 2006 թ. 1 Մբիթ/վայրկյան արագության համար այն կազմում էր 5.4 մլն դրամ, 2007 թ.` 3 մլն դրամ, 2008 թ.` 1.2 մլն դրամ, 2009 թ.` 300 հազ. դրամ, իսկ 2011 թ. նոյեմբերի 15-ից` 35.6 հազ. դրամ: Այսպիսով` 5 տարում ինտերնետի գինը նվազել է ավելի քան 150 անգամ:
Ինտերնետի սակագնի փոփոխությունը պայմանավորված է ինտերնետ-օգտագործողների թվաքանակի եւ միջազգային տրաֆիկի կտրուկ աճով: Այսպես` եթե 2011 թ. սկզբում հանրապետությունը սպառում էր 10 գեգաբիթ ինտերնետ, ապա ներկայում` 17 գեգաբիթ, իսկ 2011 թ. վերջում, ըստ կանխատեսումների` այն կհասնի 22-ի:
Միայն լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը 2011 թ. ընթացքում աճել է 100 հազարով եւ հասնում է 340 հազարի:


























