ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի համաձայնության շուրջ, ինչպես քաղաքականության, այնպես էլ մարդկային շփումների մակարդակով: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայ-թուրքական բիզնես կոնֆերանսի փակման ժամանակ:
«Մենք տեսնում ենք, թե ինչի մասին են խոսում մեր քաղաքական գործիչները ԱՄՆ-ում. գլխավոր թեմաներից մեկը աշխատատեղերն են: Ես գիտեմ, որ այդ նույնը տեղի է ունենում Հայաստանում եւ Թուրքիայում: Այդ կոնֆերանսի նպատակն է օժանդակել մարդկանց միջեւ հարաբերությունների կարգավորմանը ԱՄՆ-ի համար կարեւորություն ներկայացնող Հայաստանում եւ Թուրքիայում»,-հայտարարել է դեսպանը: Հիշեցնենք, որ «Հայ-թուրքական մերձեցման օժանդակության» ծրագիրը, որը նախատեսված է 2010-2012 թվականներին, հովանավորում է USAID-ը:
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն քաղաքական բաղկացուցիչներ: «Կան բազում միջոցներ օժանդակելու երկու երկրների հաշտեցմանը: ԱՄՆ-ը հովանավորում է առանց նախադրյալների հայ-թուրքական արձանագրությունները` չկապելով այն այլ հարցերի հետ»,-հայտարարել է դեսպանը:
Սակայն քաղաքական մակարդակով աշխատանքներին զուգընթաց` կարեւորն են անձնային անմիջական շփումները. «Դրանում մեծ կարեւորություն է ներկայացնում ձեր` ձեռներեցների դերը, քանի որ դուք աշխատատեղեր եք ստեղծում Հայաստանում եւ Թուրքիայում, եւ կարող խոսել շատ մարդկանց անունից: Հաշտության գործում ձեր ներդրումը շատ մեծ է»,-հայտարարել է Հեֆերնը:




























