Փոխադրավարձերը Սեւ ծովի թուրքական նավահանգիստներում ավելի ցածր են, քան վրացական նավահանգիստներում: Այս մասին այսօր հայտարարեց «Սաթի» միջազգային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը` հայ-թուրքական գարծարար- համաժողովի ժամանակ:
«Փոթիից Նովոռոսիյսկ փոխադրումը մոտ 1800 – 2000 դոլար է մեկ մեքենայի համար, իսկ Փոթի-Իլյիչովսկ երթուղով, հաշվի առնելով ենթաակցիզային ապարանքները, կարող է հասնել 2500 դոլարի, այն դեպքում, երբ թուրքական Սամսուն, Տրաբզոն եւ Զոնգուլդակ նավահանգիստներում 650 – 800-ի սահմանում են», – հայտարարեց Առաքելյանը:
«Անցած տարի վրացական մաքսային մարմինները կալանքի տակ էին վերցրել իմ ապրանքը: Անցավ մոտ 4 ամիս, մինչեւ կարողացա այն բերել: Թուրքիայից Հայաստան ուղեւորվող բեռնատարները տարբեր ռիսկերի են ենթարկվում, իսկ ամսական գալիս են մոտ 500 բեռնատարներ, եւ բոլոր նրանք ստիպված են կրկնակի ապրանքագիր կիրառել: Այսինքն` Վրաստանի հետ մաքսային կետում ցույց են տալիս Վրաստանի համար ապրանքագրերը, իսկ Վրաստանում`Հայաստանի համար ապրանքագրերը: Սա խախտում է, իսկ խախտումները գործարարների համար մեծ ռիսկ են: Վրաստանը, լավ իմանալով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ միջպետական առեւտրային պայմանավորվածություն չկա` փորձում է աչքերը փակել, ապրանքները Հայաստան ներմուծելիս` շատ դեպքերում փորձում է մեզ պատժել բավականին մեծ գումարով: Մեր տուգանքի չափը այն իրավիճակում, որ ես նկարագրեցի, կազմել է 30 հազ. դոլար »,- ընդգծեց ընկերության տնօրենը:
«Կցանկանայինք, որ հարցը լուծվեր, որպեսզի մեր երկրների միջեւ առեւտուրը չկառուցվեր խախտումների վրա»,-ավելացրեց նա:
Համաժողվի հայ մասնակիցներից մեկն էլ հայտարարեց, թե «Վրաստանն օգտագործում է Հայաստանի դրությունը»:
Ի պատասխան սրա` հյուսիսային հարեւանին պաշտպանել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Վրաստանը չի օգտվում մեր վիճակից, նա մեզ ճանապարհ է տալիս այն դեպքում, երբ Թուրքիայի հետ սահմանը փակ է: Եթե սահմանը բացվի, մենք ապրանքներ կփոխադրենք, որից կշահեն բոլորը»,-հայտարարեց Ա. Ղազարյանը:



























