Ռուս-վրացական սահմանի վրա շուրջ հարյուր բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել, քանի որ Թբիլիսին վրացական կողմից փակել է Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Այդ բեռնատարների մեծ մասը ուղեւորվում էր Հայաստան, եւ դա միակ ճանապարհն է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
«Վեստի.ռու»-ն հաղորդում է, որ շատ ավտոմեքենաներ արդեն երեք շաբաթ է, ինչ կանգնել են սահմանին, վառելիքը վերջանում է, ոմանց նյարդերն արդեն տեղի են տասլիս, շատերի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել:
Նշենք, որ պայմանավորվածության համաձայն, վրացական կողմն իրավունք ունի սահմանափակել որոշ ավտոմեքենաների անցումը եղանակային վատ պայմանների դեպքում:
Սակայն Վեստի.ռուն նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղումներ չեն եղել, եւ ճանապարհը անցանելի էր: Բայց այժմ ձյուն է եկել, եւ վարորդները գրեթե հույս չունեն, որ իրենց թույլ կտան անցնել սահմանը: Եթե ձյունը առաջիկա օրերի ընթացքում չդադարի, ապա բեռնատարները ստիպված են լինելու ձմեռել սահմանին:



























