Հայաստանում կուսակցական համակարգում, եթե ի մի բերենք կողմնակիցների թվի վերաբերյալ կուսակցությունների ներկայացրած տվյալները, 6-7 միլիոնից ոչ պակաս մարդ է ներգրավված: Այս մասին նոյեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությունն այն մասին, որ վերջին ամսվա ընթացքում կուսակցության շարքերը համալրվել է 30 հազարով, Զաքարյանը նշել է. «Ցանկացած կուսակցություն նախընտրական պայքար է իրականացնում եւ փորձում է առավել շատ կողմնակիցներ հավաքել: Դա միանգամայն բնական է»: ՀՀԿ-ն, հավելել է նա, ներկայումս 130 հազար անդամ ունի, որոնցից շատերը կուսակցական ակտիվ աշխատանք են կատարում: «Դրան ավելանում է նաեւ մեր համակիրների զգալի մի մաս»,-ասել է նա:
Իր հերթին դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ «Օրինաց երկիր» կուսակցության հայտարարությունը ոչ ավելին է, քան հռետորաբանության նախընտրական պայքար: «Դրանում բռնցքամարտիկների նախավարժանք հիշեցնող ինչ-որ բան կա, ինչ-որ բանահյուսական տարր: Դրան պետք չէ լուրջ վերաբերվել», – ասել է նա:
Մեկնաբանելով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդներին (որոշ աղբյուրներ Հովհաննես Մարգարյանի, որոշները` Արթուր Բաղդասարյանի անունն են նշում) վերագրվող հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը, ի տարբերություն մյուսների, մոտալուտ խորհրդարանական ընտրություններին մաքուր ձեռքերով է մասնակցելու, Գալստյանը նշեց, որ խորհրդարանի ներկայիս պատգամավորներից շատերի կենսագրությունը«հեռու է կանոնիկականից»: «Չգիտեմ` որքանով պատշաճ կլինի այս կապակցությամբ այլ հայտարարություններ անելը, բայց այն, որ նման մարդիկ կան, փաստ է», – հավելել է նա:




























