Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում, ռուսական կողմից խցանվել են Հայաստանի քաղաքացիներ, որոնց համայնքի ուժերով օժանդակություն է կազմակերպվել:
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահին հայ համայնքի անդամները սնունդ եւ ծխախոտ են տեղափոխում անցակետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ռուս-վրացական սահմանի վրա շուրջ հարյուր բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել` Կազբեկ-Վերին Լարս անցակետում: Այդ բեռնատարների մեծ մասը ուղեւորվում էր Հայաստան, եւ դա միակ ճանապարհն է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
«Վեստի.ռու»-ն հաղորդում է, որ շատ ավտոմեքենաներ արդեն երեք շաբաթ է, ինչ կանգնել են սահմանին, վառելիքը վերջանում է, ոմանց նյարդերն արդեն տեղի են տալիս, շատերի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել:
Նշենք, որ պայմանավորվածության համաձայն, կողմերն իրավունք ունեն սահմանափակել որոշ ավտոմեքենաների անցումը եղանակային վատ պայմանների դեպքում: Այժմ ձյուն է եկել, եւ վարորդները գրեթե հույս չունեն, որ իրենց թույլ կտան անցնել սահմանը: Եթե ձյունը առաջիկա օրերի ընթացքում չդադարի, ապա բեռնատարները ստիպված են լինելու ձմեռել սահմանին:




























