Դիարբեքիրից ժամանած թուրք գործարարները Շիրակի մարզում մասնակցել են «Շիրակ էքսպո» ցուցահանդեսին: Թուրք գործարարներին Գյումրիում հետաքրքրել է ամեն ինչ, պանրի ու մեղրի արտադրությունից սկսած, մինչեւ կահույքագործություն:
Որո՞նք են տեղի արտադրանքի իրացման շուկաները, եւ կամ արդյոք Հայաստանում գործարարին տրվո՞ւմ է լիարժեք հնարավորություն բիզնես հիմնելու եւ այն զարգացնելու համար: Հիմնականում նմանատիպ հարցերով են դիմել թուրք գործարարները էքսպոյին մասնակից գրեթե բոլոր ընկերությունների ներկայացուցիչներին: Բացի այն, որ թուրք գործարարները ծանոթացել են ներկայացված ապրանքատեսականուն, նաեւ գործարար առաջարկով են հանդես եկել:
Թուրք գործարարները հույս են հայտնել, որ նմանատիպ հանդիպումները, կնպաստեն, Հայաստանի եւ Թուրքիայի գործարար շրջանակների միջեւ առկա համագործակցության խորացմանը:
«Ես արդեն 16 տարի Դիարբեքիրում զբաղվում են գործարարությամբ: Իմ ոլորտը շինարարությունն է»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Նեւին Իլը, ով թեպետ կին գործարար է, բայց ընտրել է շինարարության ոլորտը: Նա նշել է, որ արդեն 4-5 օր գործարար խումբը Հայստանում է, եւ նկատում է, որ հայերը շատ են հետաքրքրված Թուրքիայի տնտեսությամբ:
«Այս ընթացքում մենք շատերին ենք խորհուրդներ տվել, թե ինչ պետք է անել բիզնեսի զարգացման ուղղությամբ, հույս ունենք, որ առաջիկայում մեր հարաբերություններն ավելի կջերմանան ու ամեն ինչ կլինի այնպես ինչպես ցանկանում ենք, որ լինի: Ես նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումն ու մեր հոգեւոր մշակութային կապերի ամրապնդումը»,-ասել է կին գործարարը:
Գործարարները պատմել են, որ Երեւանում հայ եւ թուրք գործարարների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների արդյունաբերողների միջեւ կապերի աշխուժացում, ինչպես նաեւ գործարար կառույցների լոբբինգ հայ-թուրքական սահմանի բացման հարցում:
«Հիմա մենք ավելի շատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ինձ թվում է մեզանից յուրաքանչյուրից է կախված այդ ամենը, պետք է ուղղակի կողքի դնել քաղաքական հարցերն ու զբաղվել տնտեսական համագործակցությամբ»,-հավաստել են Դիարբեքիրի գործարարները:
Իսկ Դիարբեքիրի առեւտրատնտեսական պալատի նախագահն իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից հնչեցված այն հայտարարությանը, թե Անկարան չի ճանաչում Երեւանում հայ եւ թուրք գործարարների միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը, ու նշել է, թե դա ոչնչով չի խանգարի հայ եւ թուրք գործարարների հարաբերություններին, քանի որ հուշագրում քաղաքական որեւէ տարր գոյություն չունի:
Վերջում թուրք գործարարները խոստացել են հաջորդ անգամ «Շիրակ էքսպո»-ին մասնակցել տաղավարներով:


























