Ադրբեջանը թեքվել է դեպի թուրքալեզու ժողովուրդներ, ինչը ցույց է տալիս, որ նա մեծ խաղադրույք է դնում ապա թուրքական մեծ տնտեսական միության վրա, եւ ինքն իրեն պատկերացնում է այդ միության մեջտեղում՝ որպես լուրջ լոգիստիկ կենտրոն, որն իրար է կապում Կենտրոնական Ասիան եւ Թուրքիան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Ադրբեջանը նաեւ ջանում է հյուսիս-հարավը կապել՝ Ռուսաստան-Իրան եւ Հնդկական օվկիանոսով դեպ Ռուսաստան եկող առեւտուրը: Կենտրոնական Ասիայում թուրքալեզու ժողովուրդները 80 մլն են, մի այդքան էլ Թուրքիան ու Ադրբեջանն են, այսինքն  բավական մեծ շուկա է, որտեղ Ադրբեջանը կփորձի դեր ստանձնել: Եթե այլ աշխարհաքաղաքական զարգացումներ լինեն, հնարավոր է նաեւ, որ այդ թուրքական աշխարհն ընդլայնվի Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հաշվին: Հետեւաբար թուրքական աշխարհը այդ երեք երկրների համար էլ լուրջ սպառնալիք է: Սա վտանգավոր խաղ է, որը կարող է տարածաշրջանը մեծ պատերազմի թատերաբեմ դարձնել»,-ասաց նա:

Խանումյանը կարծիք հայտնեց, որ ԵՄ-ն այսօր աջակցում է թուրքական միության ստեղծմանը. «Միջին միջանցքի վերաբերյալ խոսում են թե ամերիկացիները, թե եվրոպացիները: Հայաստանին համոզելու ուղղությամբ քայլեր հենց արեւմտյան երկրներն են անում: Մեզ բարեկամ թվացող շատ արեւմտյան դեսպաններ, որ գործում են Հայաստանում, լրացնում են Թուրքիայի դեսպանության բացակայությունը:

Արեւմուտքը թուրքական միության ստեղծմանմեջ տեսնում է իր պլանների իրագործումը՝ Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը, հետագայում նաեւ Չինաստանը ռուսական ազդեցությունից հանելու ուղղությամբ»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանն այս պայմաններում, Խանումյանն արձագանքեց. «Տարբեր սցենարներ կան, այդ թվում այդ թուրքական միության մեջ ինտեգրվելը, ճանապարհը տրամադրելը, առեւտուր անելը, փորձել այդ ձեւով զարգանալ: Ցանկացած սցենարի դեպքում մեզ պետք է նորմալ բանակ»: