Փողերը, որոնք «Ռոսատոմը» փոխանցել է Թուրքիա «Աքքույու» ԱԷԿ-ի (ռուս-թուրքական ամենամեծ ներդրումային նախագիծը) կառուցման համար, հայտնվում են կալանքի տակ, «Россия 1» ալիքի հարցազրույցում հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Փոխադարձ հաշվարկների համակարգը հարվածի տակ է։ Նրանք կալանքի տակ են դնում փողերը»,- դժգոհել է Լիխաչովը «Москва. Кремль. Путин» ծրագրի եթերում։
Թոփ-մենեջերի խոսքով՝ միջոցների կալանքի համար պատասխանատու են «ամերիկացիները», որոնք «անցնում են իրավաբանական անձանց եւ «Ռոսատոմի» հետ աշխատող բանկերի միջով»։
Թուրքիայում ԱԷԿ նախագծի իրականացմանը, որը գնահատվում է 25 մլրդ դոլար եւ լրիվ վճարվում է Ռուսաստանի կողմից, խանգարում են պատժամիջոցները, խոստովանել է Լիխաչովը։ Թեեւ ինքը՝ «Ռոսատոմը», չի գտնվում արեւմտյան սահմանափակիչ միջոցների տակ, պատժացուցակներում ներառված են նրա մի քանի դուստր կառույցներ։ Նրանցից են «Ատոմստրոյ» ԲԸ-ն, որը մշակում է միջուկային սարքերի մոնտաժման տեխնոլոգիաներ, եւ «Տոչմաշ» ՌԱՀ-ը, որն արտադրում է ցենտրիֆուգներ ուրանի հարստացման համար։
Լիխաչովի խոսքով՝ չնայած պատժամիջոցներին եւ դժվարություններին, «Ռոսատոմը» շարունակում է ԱԷԿ-ի կառուցումը, որը պետք է դառնա առաջինը Թուրքիայում եւ, ըստ պլանի, կմատակարարի 12 մլն սպառողների։
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջկառավարական համաձայնագիրը «Աքքույու»-ի կառուցման եւ շահագործման վերաբերյալ ստորագրվել է 2010թ.։ Անցած տարի տեղի է ունեցել կայանի առաջին եւ չորրորդ էներգաբլոկների հանդիսավոր բացումը, որի նախագծային հզորությունը պետք է ապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջմունքի 10 տոկոսը։ ԱԷԿ ֆիզիկական գործարկումը նախատեսված է ընթացիկ տարում։
Մոսկվան վճարում է նախագիծն ի հաշիվ իր «ինքնիշխան ֆոնդերի», հունիսին Կթության եւ գիտության խորհրդի նիստում տեղեկացրել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այդ ամենը՝ ի հաշիվ Ռուսաստանի»,- ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ պետական ֆինանսավորման այդ մակարդակը «տնտեսապես նպատակահարմար է.։
«Աքքույու»-ից հետո Թուրքիայի իշխանությունները նախատեսում են կառուցել էլի երեք ԱԷԿ, ինչպես նաեւ դիտարկում են ոչ մեծ մոդուլային ռեակտորների գնումը։ Բացի «Ռոսատոմից», Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ամերիկյան կապալառուների, ինչպես նաեւ չինական եւ հարավկորեական ընկերությունների հետ, Reuters-ին տեղեկացրել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։





























