Լրացել է նոյեմբերի 24-ին Արաբական երկրների լիգայի կողմից Սիրիային ներկայացված վերջնագրի ժամկետը: Associated Press-ը, վկայակոչելով ԱԵԼ-ի աղբյուրին, հայտնում է, որ Սիրիայի իշխանությունները արհամարհել են  լիգայի ներկայացրած վերջնագիրը:

Ժամկետը լրացել է այսօր կեսօրին (տեղական ժամանակով), եւ այժմ  Արաբական երկրների լիգան 48-ժամյա նիստ կանցկացնի, որի ընթացքում Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կկայացնի: Սահմանափակող միջոցառումների շրջանակում  ԱԵԼ-ն կարող է սառեցնել սիրիական ակտիվները եւ արգելել երկրի հետ ֆինանսական գործարքների մեջ մտնելը:

«Ռոսբալտ»-ը գրում է, որ Սիրիան, իր հերթին,  խստորեն  քննադատել է Արաբական երկրների լիգային` այդ կազմակերպությունն անվանելով «օտարերկրյա միջամտության զենք»,  իսկ դրա վերջնագիրը` «ստորացուցիչ հարված».: Երկրի կառավարությունը հայտարարել է, որ Լիգան ծառայում է Արեւմուտքի շահերին, որոնք ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը: