ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր` նոյեմբերի 25-ին, ընդդիմության հանրահավաքում ներկայացրել է Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրը:
Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Այն մի գործիք է, որ կծառայի երկու նպատակների: Նախ, համախմբել քաղաքացիներին, հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին եւ բարձրացնել այնպիսի ալիք, որը կստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, երկրորդ, արդյունավետ ճնշումներ գործադրել Ազգային Ժողովում քաղաքական ուժերի եւ անհատ պատգամավերների վրա, ճեղքեր առաջացնել ռեժիմի ներսում:
Առաջարկում ենք ընդունել հետեւյալ հռչակագիրը.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»։
Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության յուրացումը (Հոդված 2), ինչպես նաեւ պաշտոնավարող նախագահի կողմից սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ չկատարումը, որոնք հանգեցրել են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։
Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետեւյալ հիմքերը.
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների եւ այդ կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը
Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաեւ ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաեւ Հանրապետության նախագահի պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։
Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված պաշտոնյաների ադմինիստրատիվ եւ քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային եւ այլ կառույցները` նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված 2)։
Որպես վարչապետ եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը եւ վավերացմանը, Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ եւ հրազենի օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետեւանքով եղավ առնվազն 10 զոհ եւ հարյուրավոր վիրավորներ։
Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի եւ կրիմինալ խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ սպանությունները։
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետեւալ ծանր հանցագործությունները.
Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը (հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի հետեւանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի, տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել ազատությունները։
Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը ինքնին ծանր հանցագործություն է ։
Չի ապահովել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք վերածվել են գործադիր իշխանության եւ բարձաստիճան իշխանավորների պատվերների ու հրահանգների կատարման գրասենյակների։
Չարաշահելով վարչապետի եւ նախագահի պաշտոնները` սեփական հարստացման նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել եւ զարգացրել է իր եւ իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների եւ հարկային ու մաքսային արտոնությունների համակարգը:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսեւորել է հանցավոր անգործություն, ինչի հետեւանքով խաղաղ պայմաններում միայն կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել եւ զոհվել են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:
2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման եւ հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետեւանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եւ դրա կանխման միակ ձեւը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից»:
Լեւոն Զուրաբյանը հռչակագրի տեքստը դրեց քվեարկության, եւ հայտարարեց, որ հռչակագիրը համարվում է ընդունված, իսկ բուն փաստաթուղթը, որ կազմելու է մի քանի տասնյակ էջ, կկազմվի այս հռչակագրի հիման վրա, այդ գործընթացը զուգորդվելու է զանգվածային միջոցառումներով, երթերով:
Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը, տեղի կունենա համաժողովրդական երթ Ազատության հրապարակից ժամը 14-ին:


























