Ադրբեջանը 2024թ. առաջին վեց ամսում արտահանել է 12,7 մլրդ խորանարդ մետր գազ, ընդ որում՝ դրա կեսից ավելին (6,4 մլրդ) ուղարկվել է եվրոպական շուկա։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նրա տեղեկացմամբ՝ գազի արտահանումն Ադրբեջանից հունվար-հունիսին կազմել է 12,7 մլրդ խորանարդ մետր, ինչը 6 տոկոսով գերազանցում է 2023թ. նույն ցուցանիշը։ «Այդ ծավալի 6,4 մլրդ-ն (արտահանման 51 տոկոսը) մատակարարվել է Եվրոպա, 5 մլրդ-ն (39 տոկոս)՝ Թուրքիա, 1,3 մլրդ-ն (10 տոկոս)՝ Վրաստան»,- նշված է նախարարության հաղորդագրությունում։
Էներգետիկայի նախարարության վիճակագրությամբ՝ 2023թ. առաջին կիսամյակում Ադրբեջանը Եվրոպա է մատակարարել 5,7 մլրդ խորանարդ մետր գազ։
Նախարարությունը նշել է, որ գազի արդյունահանումն Ադրբեջանում հունվար-հունիսին կազմել է 25,1 մլրդ խորանարդ մետր, ինչը 4,3 տոկոսով կամ 1 մլրդ խորանարդով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։
2023թ. Ադրբեջանն արտահանել է 23,8 մլրդ խորանարդ մետր գազ, որի մոտ կեսը (11,8 մլրդ)՝ եվրոպական շուկա։ Արտահանման կանխատեսվող ծավալը 2024թ. կազմում է 24 մլրդ խորանարդ մետր։
Ադրբեջանը 2020թ. դեկտեմբերի 31-ին սկսել է գազի կոմերցիոն մատակարարումները Եվրոպա Տրանսադրիատիկ խողովակաշարով, որը մտնում է Հարավային գազային միջանցքի կազմում։ Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան եւ Սերբիան։




























