Աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենն ու երրորդ համար Լեւոն Արոնյանը, վաստակելով 5,5-ական միավոր, կիսեցին Մոսկվայում ավարտված աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տեղը: Լրացուցիչ ցուցանիշով առավելություն ունի Կարլսենը: Նորվեգացին սեւերով ավելի շատ պարտիա է անցկացրել: Հիշեցնենք, որ անցած տարի հաղթող ճանաչվեցին հավասար միավոր հավաքած Արոնյանը, Կարյակինը եւ Մամեդյարովը:

Վերջին տուրում Կարլսենը սեւերով հաղթեց Հիկարու Նակամուրային, իսկ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչու հետ: Ավելի քան 6,5 ժամ տեւած պարտիայում գրանցվեց 85 քայլ:

Ինը տուրերում ինն անգամ ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Վերջին տուրում հնդիկ գրոսմայստերի մրցակիցը հենց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Բորիս Գելֆանդն էր: Չեմպիոնական մրցամարտը տեղի կունենա հաջորդ տարի:

Վերջին տուրում ոչ ոքի ավարտվեց նաեւ Սերգեյ Կարյակին - Վասիլի Իվանչուկ պարտիան: Պյոտր Սվիդլերը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

Կարլսեն` 5,5

Արոնյան` 5,5

Իվանչուկ` 5

Կարյակին` 5

Նեպոմնյաշչի` 5

Անանդ` 4,5

Սվիդլեր` 4,5

Կրամնիկ` 3,5

Գելֆանդ` 3,5

Նակամուրա` 3