«Գոլոսի» համահիմնադիր Գրիգորի Մելքոնյանցին ներկայացվել է վերջնական մեղադրանք «անցանկալի» կազմակերպության աշխատանքի կազմակերպման գործով (ՔՕ 284.1 հոդված, 3-րդ մաս)։ Այս մասին տեղեկացրել է RusNews-ը։
Մեղադրանքում ասվում է, որ «նրա գլխավորած Համառուսաստանյան հասարակական շարժման գործունեությունը՝ ի պաշտպանություն «Գոլոսի» ընտրողների, ուղղված է ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի եւ անվտանգության դեմ, եւ հավաստիացվում է, որ «Գոլոսը» մտել է ընտրությունների հսկման կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի մեջ, որը ՌԴ-ում «անցանկալի» է ճանաչված։ Շարժումը ժխտում է կապն ENEMO-ի հետ եւ ասում է, որ տեղի է ունեցել կազմակերպությունների անվանումների պատահական համընկնում։ Մելքոնյանցը համաձայն չէ մեղադրանքին։
Նրա դեմ գործը հարուցել են անցած տարվա օգոստոսին։ Մելքոնյանցի եւ շարժման այլ մասնակիցների մոտ Ռուսաստանի մի քանի շրջաններում կատարվել են խուզարկություններ։ Հարցաքննությունից հետո նրան ուղարկել են ժամանակավոր պահման մեկուսարան, որտեղ նա գտնվել է մինչեւ դատը։ Հուլիսի 12-ին հերթական անգամ երկարացրել են ակտիվիստին կալանքի տակ պահելու ժամկետը՝ մինչեւ օգոստոսի 17-ը։
«Գոլոսի» մասնակիցների հետապնդումը կապված է ընտրությունների հսկման կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) «անցանկալի» լինելու գործի հետ, որը գլխավոր դատախազությունը «անցանկալի» է ճանաչել 2021թ. աշնանը։ Այդ ժամանակ «Գոլոս» շարժումը դադարեցրել է անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Դրանից հետո կազմվել է արձանագրություն վարչական հոդվածով (20.33 հոդված) ակտիվիստ Եվգենի Դոլգոպոլովի դեմ, նրան տուգանք են նշանակել։ Որպես Դոլգոպոլովի գործի ապացույց ոստիկանները ներկայացրել են մի ինչ-որ «նամակ դարքնետից», որի հեղինակն իբր «Գոլոսի» նախագահ Ռոման Ուդոտն է։
«Գոլոս» շարժումը առաջին միավորումն է, որն արդարադատության նախարարությունը մտցրել է «օտարերկրյա գործակալների» գործառույթներ կատարող չգրանցված հասարակական կազմակերպությունների ռեեստր։





























