Եթե վիճակագրությունը նայենք, կառուցապատման տրված թույլտվությունների չափը եւ տրված ավարտական ակտերի չափը համեմատելի չեն. ավարտական ակտերի քանակն էականորեն նվազ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե եղել է դեպք, որ կառուցապատողը բազմաթիվ թերությունների պատճառով չի ստացել ավարտական ակտ եւ շենքը քանդվել է:
«Սա մի քանի բանի մասին է խոսում. Շատ դեպքերում շինթույլտվությունն ստանում էին, բայց շինարարություն չէին անում: Շատ դեպքերում նախագծից շեղվում են եւ չեն կարողանում ստանալ ավարտական ակտ: Այստեղ գալիս է հետեւյալ ընտրությունը: Շատ դեպքերում բնակիչները արդեն բնակվում են, հանե՞նք մարդկանց էդ տներից ու քանդենք շենքը: Միգուցե ինչժ-որ փուլում դրան էլ կհասնենք: Բայց դեռ հաշվի առնելով մեր այդ մշակութային անոմալիան… Մեզ մոտ նորմալ է, որ ես կարող եմ մեր բակում ունենալ ցանկապատած տարածք, որը կամաց-կամաց ինքնակամ կդարձնեմ, ինձնով կանեմ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, որ հաղթահարենք այդ մշակույթը»,-ասաց Ավինյանը:











