Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տվեց:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է Արմավիրի համայնքում «Թումո ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում ստեղծելու Թումո կենտրոն, որը հնարավորություն կտա 12-ից 18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:
Թումո կենտրոնի կառուցման նպատակով նախատեսվում է ներդնել առնվազն 530 մլն դրամ գումար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ նախատեսվում է այս գործընթացի արդյունքում 2026-ից շուրջ 3800 երեխա կհաճախեն այս կենտրոն եւ հարակից տուփեր, որոնք կգործեն Դալաիրիկում, Մեծամորում եւ Արմավիր գյուղում:
Նրա խոսքով, մինչ այժմ Հայաստանում 5 Թումո կենտրոններ են գործում եւ 34 Թումո տուփեր տարբեր բնակավայրերում: Ընդհանուր առմամբ այդտեղ հաճախում են 25 հազար ուսանողներ. «Այս պահին ընթացքի մեջ է Եղեգնաձորի եւ Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը: Եղեգնաձորինը նախատեսված է սեպտեմբերին, Մաիսսինը՝ դեկտեմբերին»:
Այս որոշումով Արմավիր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կունենան ծրագրի իրականացման նպատակով, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով համայնքային սեփականության հողամասր տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին:
«Թումո» կենտրոնի կառուցումը լինելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող թիվ 12-րդ մսուր-մանկապարտեզի վթարային շենքի վերակառուցման (անհրաժեշտության դեպքում՝ քանդման և կառուցման) միջոցով։





























