Երեւանում, այսօր` նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ի  սահմաններում, անհայտ քաղաքացու կողմից Իսակովի պողոտային հարակից Դալմայի այգիներում` կիսակառույց մի շինության մեջ, տղամարդու դիակ է հայտնաբերվել` բենզինով լի ներարկիչները կողքը: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետ Լեւոն Յազիչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հաստատեց այս տեղեկատվությունը եւ  փոխանցեց , որ օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արման Միրզախանյանն է:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Խոսելով վարկածների մասին, Լեւոն Յազիչյանը նշեց, որ տեղի ունեցածն սպանություն չի, որովհետեւ դիակի վրա վնասվածք չի եղել, իսկ մնացածը հերձման արդյունքները ցույց կտան:

Նա տեղեկացրեց նաեւ, որ դիակի մոտ բենզինի պարունակությամբ ներարկիչներ են եղել: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ մահվան պատճառը գերդոզավորումը եղած լինի, նա պատասխանեց. «Մինչեւ դատաբժշկի պատասխանը չլինի, չենք  կարող ասել, թե ինչից է մահացել: Հնարավոր է գրիպից մահացած լինի կարող է եւ թունավորվել է  ինչ-որ բանից, ինչպես նաեւ հնարավոր է  իծնե սրտի խնդիր ունեցած լինի: Հետեւաբար` պետք է սպասենք դատաբժշկի պատասխանին»: